Վերջին շրջանում ԼՂ-ում և նրա շուրջ իրավիճակը սրվել է: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին: Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինվորների հիշատակը:

«Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը, սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե»,- ասաց նա և նշեց, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է 2020 թվականի նոյեմբերի իննին և ակնկալում են, որ այդ մանդատը գործի ամբողջ ծավալով:

Նա ասաց, որ ակնկալում են, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն:

«Մեր կարծիքով, ՀՀ-ի և ՌԴ-ի ստորագրությունը բավարար է այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ՝ ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»,- ասաց նա և նշեց, որ այս հարցերը մեզ հուզել են հենց 2020 թվականի նոյեմբերի իննին: