Կորեայի գիտահետազոտական ​​ինստիտուտի գիտնականները թափանցիկ պաշտպանիչ ծածկույթ են մշակել, որը կարող է ինքնավերականգնվել 30 րոպեում արեւի լույսի ներքո: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է ACS Applied Polymer Materials ամսագրում։

Մշակված նյութի ինքնավերականգնման կարողությունը ցուցադրելու համար հետազոտական ​​թիմը դրանով ծածկել է քերծվածքներով ավտոմեքենան։ Երբ ավտոմեքենան մոտ 30 րոպե դրվել է կեսօրվա արեւի լույսի տակ, քերծվածքն ամբողջությամբ անհետացել է։


Գիտնականների խոսքով՝ երբ արեւի լույսը կլանում է մշակված նյութը, մակերեւույթի ջերմաստիճանը բարձրանում է, քանի որ լույսի էներգիան ջերմային էներգիայի է վերածվում։ Այնուհետեւ բարձր ջերմաստիճանը մակերեւույթի քերծվածքի ինքնավերականգնումը հնարավոր է դարձնում պոլիմերային կառուցվածքի քիմիական կապերի վերամիավորման շնորհիվ։

Սպասվում է, որ մշակված ինքնավերականգնվող նյութը հետագայում որպես տրանսպորտային միջոցների, էլեկտրոնային սարքերի՝ սմարթֆոնների եւ համակարգիչների, ինչպես նաեւ շինանյութերի ծածկույթ կօգտագործվի։