«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները 16 օր ունեն տարածքից դուրս գալու համար։ Բանն այն է, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի եւ շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի եւ Բերձորի բնակչության՝ մինչեւ սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ Նշենք, որ Աղվանոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը դաշնակցական է, իսկ ՀՅԴ-ն վերջին ամիսներին ակտիվորեն պայքարում է ՀՀ իշխանությունների հեռացման համար, խոսում ՀՀ եւ Արցախի սահմանների անառիկության, Արցախի հայկական մնալու անհրաժեշտության մասին։ Ինչպես տեսնում ենք, սակայն, այս օրերին «Դաշնակցություն»-ը լուռ է։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից պարզել՝ ինչու են նրանք լռում, սակայն վերջինս վստահեցնում է՝ իրենք բազմիցս են խոսել այդ մասին։ «Միայն «Դաշնակցություն»-ն էր խոսում, որեւէ մեկը ոչ մի բան չէր ասում։ Ես ինքս անձամբ 2021 թվականի օգոստոսին, երբ խորհրդարանը նոր էր ձեւավորվել, այդ հարցը տվել եմ, դրանից հետո՝ բաց եւ փակ նիստերի ժամանակ։ Բացարձակապես լուռ չէինք, սակայն ընդդիմությունն ունի այնքան ուժ եւ կարողություն, ինչքան ձայն ստացել է, եւ որքան մարդ իր հետեւից դուրս է գալիս փողոց։ Այն մարդիկ, որոնք ընդդիմության գործունեության նկատմամբ վերապահություն ունեն, թող ասեն՝ երբ ասում էինք՝ երկիրը կործանվում է, իրենք լսեցի՞ն ընդդիմությանը», – նկատեց նա։

Նա համաձայն չէ, որ կարող էին որեւէ բան անել եւ չեն արել։ Չնայած դրան՝ անհասկանալի է, թե դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը՝ փաստացի մաս կազմելով հայրենիքի հանձնման գործընթացին:

Ոչ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն է հրաժարվում պաշտոնից, ոչ «Դաշնակցություն»-ն է Աղավնոյի հանձնմանը մասնակից կուսակցին հեռացնում կուսակցությունից: