Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան, Մայակովսկի - Ձորաղբյուր - Ջրվեժ ճանապարհի՝ Ձորաղբյուր գյուղի վերջնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի, ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: