«Սուրմալու» առեւտրի կենտրոնում hրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ. կատարվում է հովացման աշխատանք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ինչքան մենք մաքրում ենք փլատակները, այնքան փոքր օջախներ են բռնկվում, այդ թվում՝ ծխի տեսքով։ Ամբողջ ծավալով իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ։ Քանի դեռ կա հավանականություն, որ փլատակների տակ կարող ենք քաղաքացու հայտնաբերել, մենք ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում։ Հնարավորինս բացազատում ենք տարածքը, ծանր տեխնիկա օգտագործելուց առաջ, մեր փրկարարներից մարդ է լինում տվյալ հատվածում, դիտարկում է իրականացնում եւ նոր ծանր տեխնիկան օգտագործվում է»,- ասաց նախարարը։


Հարցին՝ առեւտրի կենտրոնի սեփականատերը դեպքի վայրո՞ւմ է, հանդիպե՞լ է իր հետ, նախարարը պատասխանեց. «Սեփականատերերից հանդիպել է, հենց այսօր էլ հանդիպել է, որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հարկերում եթե կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաեւ այդ հատակագծերը։ Նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, մենք դրանով կարողանանք ավելի մանրակրկիտ որոնողական աշխատանքներ կատարել»։

Ճշտող հարցին՝ այսինքն սեփականատիրոջ հետ են աշխատո՞ւմ՝ նախարարն ասաց՝ այո։

Հարցին՝ նախնական պատկերացում ունե՞ն, թե երբ կավարտվեն աշխատանքները, նախարարն ասաց, որ առայժմ չեն կարող ասել. «Բայց կարճ ժամանակահատվածի պատկերացում չունենք, բայց ոչինչ չի բացառվում»։

Անդրադառնալով շենքի սյուներն ապամոնտաժելուն՝ նախարարը հայտնեց, որ երկու սյուներ երեկ ապամոնտաժվել են. «Բայց կա եւս երկու հատված՝ մեկը հիմնական շենքն է, որին դեռ չենք ուզում ձեռք տալ եւ հետնամասում կան եւս շինություններ, այնտեղից էլ ենք դիեր հայտնաբերել։ Երբ հասկանանք, որ այնտեղ այլեւս չկան քաղաքացիներ, կապամոնտաժենք»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաեւ մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։