Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան ապացույցներ ունի ուկրաինական բանակի կողմից ռուս զինվորականների դեմ քիմիական թունավոր նյութերի կիրառման մասին, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Կիեւի ռեժիմի կողմից քիմիական ահաբեկչության ապացույցները շուտով պաշտոնապես կուղարկվեն ՔԶԱԿ՝ Ռուսաստանի մշտական առաքելության միջոցով»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հուլիսի 31-ին Զապորոժիեի շրջանի Վասիլեւկա բնակավայրի տարածքում առաջադրանքներ կատարած ռուս զինծառայողները ծանր թունավորման նախանշաններով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։

«Զննության արդյունքում զինծառայողների օրգանիզմում հայտնաբերվել է թունավոր նյութ՝ «Բ» տիպի բոտուլոտոքսին։ Թունավորման պատճառները պարզելու համար ՌԴ ՊՆ Ռազմական բժշկության գլխավոր գիտահետազոտական եւ թեստային ինստիտուտի մասնագետները (Սանկտ Պետերբուրգ) լրացուցիչ անալիզ են կատարել, որը միանշանակ հաստատել է արհեստական ծագման օրգանական թույնի՝ «Բ» տիպի բոտուլոտոքսինի առկայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունը պատրաստում է օժանդակ փաստաթղթեր՝ Զելենսկու ռեժիմի կողմից թույլատրված քիմիական ահաբեկչության փաստի վերաբերյալ իրականացված բոլոր անալիզների արդյունքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Դոնբասում եւ այլ շրջաններում ռազմական պարտությունների ֆոնին Զելենսկու ռեժիմն արտոնել է ահաբեկչական գործողություններ ռուս զինվորականների եւ քաղաքացիական անձանց դեմ՝ քիմիական թունավոր նյութերի կիրառմամբ»,- հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։