Պաշտոնից հեռանալուց հետո ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պահպանել է ավելի քան 300 գաղտնի փաստաթուղթ, որոնց կեսը հունվարին հայտնաբերվել է Ազգային արխիվի կողմից։ Դա արդարադատության նախարարությանը ստիպել է խուզարկություն անցկացնել Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում, որն իրականացրել է ՀԴԲ-ն։

New York Times-ը, հղում կատարելով մի քանի աղբյուրների, տեղեկացրել է, որ կառավարության հայտնաբերած գաղտնի նյութերի մեծ ծավալը պատճառ է հանդիսացել, որ դաշնային քրեական հետաքննություն իրականացվի նախկին նախագահի նկատմամբ։


Ազգային արխիվը հունվարին հայտնաբերել էր 150 գաղտնի փաստաթուղթ, եւս մեկ հավաքածու, որը նույնպես Մար-ա-Լագոյում (Ֆլորիդա) էր, հունիսին Թրամփի օգնականների կողմից հանձնվել է արդարադատության նախարարությանը։ Times-ի տվյալներով՝ այս ամսվա սկզբին ՀԴԲ-ի խուզարկության ընթացքում հայտնաբերվել են լրացուցիչ գաղտնի փաստաթղթեր՝ ավելի քան 300 փաստաթուղթ։

Այս տարվա սկզբին Ազգային արխիվին հանձնված 15 տուփերում ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի եւ Ազգային անվտանգության գործակալության փաստաթղթեր էին, որոնք վերաբերում էին ազգային անվտանգությանը, տեղեկացրել է աղբյուրը։

Մար-ա-Լագոյում խուզարկությունից երեք օր հետո The Washington Post-ը տեղեկացրել էր, որ խուզարկության ընթացքում հայտնաբերված որոշ փաստաթղթեր վերաբերել են միջուկային զենքին։

The Times-ը նաեւ տեղեկացրել է, որ իշխանությունները փնտրում են Մար-ա-Լագոյի տեսախցիկների տեսագրությունները, որոնք նախորդել են օգոստոսի 8-ի խուզարկությանը, պարզելու համար, թե ինչպես են այնտեղ հայտնվել որոշ փաստաթղթեր։

Թրամփը պնդել է, որ ինքը գաղտնազերծել է ՀԴԲ-ից ստացված փաստաթղթերը, բայց, գուցե, դա արել է առանց անհրաժեշտ ընթացակարգերի պահպանման։

Թրամփը եւ Ազգային արխիվը տարաձայնություններ ունեին այն ժամանակվանից ի վեր, ինչ նա հեռացել է պաշտոնից 2021թ.։ Գործակալության կարծիքով՝ Թրամփն ունեցել է Սպիտակ տան այնպիսի փաստաթղթեր, որոնք պետք է հանձնվեին կառավարությանը ժամկետի ավարտից հետո։