Արեւմուտքում կան երկրներ, որոնք Ուկրաինայում պատերազմի շարունակություն են ուզում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Ստամբուլում (Ուկրաինայի եւ Ռուսաստանի) դեմ առ դեմ բանակցությունների վերջին փուլից հետո մենք լիահույս էինք կողմերի դիրքորոշումների մոտեցման ֆոնին։ Սակայն հասան տեսանյութերն եւ լուսանկարները Բուչայից, եւ մթնոլորտը փոխվեց: Երկխոսությունն ընդհատվեց։ Դա, իմ կարծիքով, բեկումնային կետ դարձավ»,- ասաց նախարարը։


Նրա խոսքով՝ այս պահին կարեւոր է համաձայնության գալ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը» ուղղված հրադադարի շուրջ։

«Թուրքիան այն երկրների շարքում է, որոնք ամենաակտիվ կերպով պաշտպանում են Կիեւի դիրքորոշումը թե՛ Ղրիմի հարցում, թե՛ ռուսական հարձակումների ֆոնին»,- ասել է Չավուշօղլուն։

Ընդ որում, նա նշել է, որ Արեւմուտքում կան երկրներ, որոնք Ուկրաինայում պատերազմի շարունակություն են ուզում։ «Խոսքը ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասին է։ Խոսքս ոչ միայն ԱՄՆ-ի, այլ Դաշինքի երկրների մասին է։ Կային ուժեր, որոնք փորձում էին տապալել պայմանավորվածությունները հացահատիկի շուրջ։ Ես ուզում եմ վերապահում անել, որ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի, այլ Եվրոպայի մասին է»,- հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։