ԱՄՆ-ն փորձում է պառակտել Հարավարեւելյան Ասիայում (ՀԱԱ) գոյություն ունեցող անվտանգության ճարտարապետությունը՝ իր գլոբալ գերիշխանությունն ապահովելու համար, չորեքշաբթի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասնակից երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է մեր կազմակերպության հարավային թեւին` Հարավարեւելյան Ասիային, ապա կան նաեւ միջպետական ​​բարդ հակասություններ, լարվածության օջախներ են ձեւավորվում՝ դժվար կանխատեսելի սցենարով։ Համաշխարհային գերիշխանության ապահովման համար Վաշինգտոնը փորձում է պառակտել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը»,- ասել է Շոյգուն:


Այդ նպատակով, նշել է նա, ռազմաքաղաքական դաշինքներ են ստեղծվում, ինչպիսիք են QUAD-ը եւ AUKUS-ը։

«Տարածաշրջանի երկրները ներգրավվում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ։ Եվրոպայի նման՝ Չինաստանի զսպմանն ուղղված ճակատ է ձեւավորվում։ Միտումնավոր կերպով սրվում է այսպես կոչված Թայվանի խնդիրը, տարածքային վեճերը թեժանում են Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ «այս տարածաշրջանում անվտանգությունը կարող է ապահովվել միայն համատեղ ջանքերով՝ հաշվի առնելով Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի կենտրոնական դերակատարություն ունեցող բոլոր պետությունների շահերը եւ բազմակողմ փոխգործակցության այլ մեխանիզմներ»։