Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնտեսվարող սուբյեկտների կորուստները։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում օգոստոսի 24-ին հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով, եթե «Սուրմալուում» աշխատող գործարարներն ապահովագրեին իրենց գույքը, ապա կստանային անհրաժեշտ փոխհատուցումը։ «Կառավարությունը չի կարող իր վրա վերցնել փոխհատուցումների վճարման բեռը, որը պետք է կրեն ապահովագրական ընկերությունները։ Եվ եթե գործարարն այդ ռիսկն էական չի համարել, ապա կառավարությունն այստեղ անելիք չունի։ Ես կարծում եմ, որ հայկական բիզնեսը պետք է սովորի աշխատել բարձր ստանդարտներով։ Եվ եթե պետք է ապահովագրել գույքն ու միջոցները, ապա նա պետք է անի դա»,- ասել է Քերոբյանը։


Նախարարը նաեւ նշել է, որ կառավարությունում միայն քննարկվում է վերջերս տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին սոցիալական օգնություն ցուցաբերելու հարցը։