Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի միջոցները՝ 304 միլիոն գրիվնա (մոտ 8.1 միլիոն դոլար) փոխանցվել են Ուկրաինայի Զինված ուժերի կարիքներին համար: Այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազության պաշտոնական տելեգրամյան ալիքը։ Ավելի վաղ այդ դրամական միջոցներն առգրավվել էին քրեական գործի շրջանակներում։

«Նախաքննության ընթացքում գլխավոր դատախազության դատախազները կալանք էին դրել Համաուկրաինական զարգացման բանկի պաշտոնյաների եւ նախկին նախագահի որդու դրամական միջոցների վրա։ Այժմ Ուկրաինայի պաշտպանունակությունն ապահովելու համար հատուկ հաշվին 304 մլն գրիվնա է փոխանցվել։


Ուկրաինական գերատեսչությունը հայտնել է, որ, իրենց տեղեկություններով, 2011 թ. այդ բանկի միակ բաժնետերը Վիկտոր Յանուկովիչի որդին էր՝ Ալեքսանդրը։ Նա հեռակա ձերբակալվել էր 2021 թ. հոկտեմբերին։ Նախկին նախագահի որդին հոր հետ միասին կասկածվում է «Մեժիգորիե» պետական ​​բնակելի համալիրին ապօրինի տիրանալու մեջ։