Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հարձակման առնչությամբ մեր երկրում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ օրը՝ կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին։ Մենք Անվտանգության խորհրդի և այլ ձևաչափերով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Քանի այդ որոշումը չենք կայացրել, նշանակում է, որ գտնում ենք, որ նման որոշման անհրաժեշտություն չկա՝ ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որովհետև դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ հարկավոր է գնահատել կայացվող որոշումների արդյունավետությունը՝ մի շարք դրվագներում Հայաստանի փորձը հաշվի առնելով։ «Բնականաբար, այդ հարցն օրակարգում է։ Իրադրությունն օրվա մեջ մի քանի անգամ գնահատվում է և ըստ այդմ կայացվում է որոշում»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: