ՀԱՊԿ միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ իր գլխավորած խումբը Երեւան կժամանի այսօր երեկոյան։

«Հաշվի առնելով այն, որ գլխավոր քարտուղարն այժմ մասնակցում է միջազգային այլ լուրջ միջոցառումների, մասնավորապես՝ հրավիրված է ՇՀԿ-ի գագաթաժողովին, այդ պատճառով նրա թռիչքը եւ ժամանումը Հայաստանի Հանրապետություն կլինեն ավելի ուշ։ Ենթադրվում է՝ հաջորդ շաբաթ։ Այն, ինչ վերաբերում է միավորված շտաբի պետին. մեր այսօրվա միջոցառման ավարտից հետո ես գնում եմ օդանավակայան եւ մեկնում Հայաստան՝ միավորված շտաբի պաշտոնատար անձանց խմբով»,- ասել է Սիդորովը։

Նա ընդգծել է, որ խմբի մեջ են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները։ ՀԱՊԿ առաքելության՝ Հայաստան մեկնելու առաջարկն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Սիդորովը նշել է, որ Հայաստան խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին առայժմ խոսք չկա, առաքելությունը մեկնում է Հայաստան, որպեսզի տեղում ծանոթանա իրադրությանը, պարզի պատճառներն ու հակամարտության լուծման ուղիները։