Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ներկայացնելով ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի հանցավոր գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով և միջազգային ու հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:


ԱԳ նախարարն առանձնահատուկ շեշտել Է հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերի, այդ թվում` կին զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումների և այլ ռազմական հանցագործությունների խստագույնս դատապարտման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նշվել է, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու ռազմատենչ վարքագիծը հասցեական չդաատապարտելն ու անպատիժ թողնելն ագրեսոր կողմին դարձնում են առավել սանձարձակ՝ ճանապարհ բացելով նոր հանցագործությունների համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործունեությունը՝ ուղղված Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների և հումանիտար բնույթի այլ հարցերի հետ կապված խնդիրներին արձագանքմանը: