Բերդ խոշորացված համայնքում հաղթում է գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով շուրջ 11 ամիս է` ազատազրկված է: Այս մասին հայտնեց «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

«Նախնական տվյալներով 51 տոկոսով առաջատար է Հարություն Մանուչարյանը` «Զորավոր համայնք»-ի առաջին համարը»,-ասաց նա:


ՔՊ-ն Նորաշեն, Չինչին, Վարագավան եւ Տավուշ բնակավայրերում է հաղթել «Զորավոր համայնք» դաշինքին, մյուս՝ 11 գյուղերում և Բերք քաղաքում հաղթել է «Զորավոր համայնքը», եւ միայն մեկ գյուղում է հաղթել «Արժանապատիվ սերունդ» դաշինքը։

«Ռեֆորմիստներ»-ը Բերդ համայնքում «Զորավոր համայնք» դաշինքի կազմում են ընդգրկված:

Նշենք, որ Բերդ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Արժանապատիվ սերունդ» եւ «Զորավոր համայնք» դաշինքները։ Իշխանության մրցակիցն այս համայնքում «Զորավոր համայնքն» էր, որի ավագանու ցուցակը գլխավորում է շուրջ 11 ամիս կալանքի տակ գտնվող, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ իշխանությունները Մանուչարյանին պատժել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ–ին չաջակցելու համար։