ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «Քոչարյանը նախ մեղադրեց ՀՀ իշխանություններին նրա համար, որ իբրև թե չեն կարողանում գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները, ապա հայտարարեց, թե անմեղսունակություն է կարծելը, թե ՀԱՊԿ-ը, որի անդամ բոլոր երկրներն ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քայլեր կձեռնարկի Հայաստանի անվտանգության գործում։

Բնականաբար, ինչպես նաև նմանատիպ շատ այլ մեղադրանքներ, սա մեղադրանք էր ուղղված ՀՀ իշխանություններին զուտ մեղադրելու համար։

Իսկ եթե հակիրճ, եկել էր ասելու, որ իր վրա այլևս հույս չդնեն, մաշվել է, չի կարող հանրությանը կոնսոլիդացնել և ոչ էլ պատրաստվում է Տեր-Պետրոսյանի՝ համախմբվելու ու իշխանության հետ առողջ երկխոսության կոչին միանալ։

Հայաստանի պետականության գլխին կախված վտանգն անգամ չի կարող ստիպել Քոչարյանին համախմբվել մնացածի հետ։

Բաց տեքստով մի քանի անգամ կրկնեց՝ պետականության պահպանման և դրա համար պայքարի հարցերում ինձ վրա հույս չդնեք։

Նպատակը՝ ինքնին պարզ է։ Սպասել մինչև գետնին դիեր կհայտնվեն ու լեշակեր անգղի նման անցնել հարձակման իշխանությունը խլելու նպատակով, անգամ եթե դա լինի պետականության կորստի հաշվին։

Անճարությունից մտածում է պլաստիկ վիրահատության մասին, որպեսզի իր խոսքերով իրենից էլ չվախենան։

Սակայն այս հարցում էլ չարաչար սխալվում է. իր իսկ վարմունքով տարիներ շարունակ իր անձի հանդեպ ատելություն սերմանած Քոչարյանին պլաստիկ վիրահատությունն էլ չի օգնի, անգամ եթե դրանից հետո նմանվի Անջելինա Ջոլիին»։