Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Չինաստանը նշում է պետության հիմնադրման 73-րդ տարեդարձը։ Կենտրոնական Ժողովրդական Կառավարության խորհրդի նախագահ Մաո Ցզեդունը 1949 թվականի հոկտեմբերի 1-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում հանրահավաքի ժամանակ հռչակեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ձեւավորումը։

Դրանից հետո անցած 73 տարիների ընթացքում Չինաստանն անցել է դրամատիկ վերափոխման մի քանի փուլ։ Արդյունքում, 1980-ականների սկզբին Չինաստանը փոխեց կուրսը դեպի սոցիալիստական ​​շուկայական տնտեսություն եւ Դեն Սյաոպինի ղեկավարությամբ սկսեց բարեփոխումներ իրականցնել։ Չինաստանը սկսեց բացվել օտարերկրյա ներդրումների համար։ Դրան հաջորդեց համաշխարհային պատմության մեջ ամենաանհավանական տնտեսական հրաշքը։ 2000-ականների կեսերից Չինաստանի տնտեսությունը սկսեց արագ զարգանալ Առեւտրի համաշխարհային կազմակերպություն մտնելուց հետո : Նվազեցին այլ երկրների հետ առեւտրի մաքսատուրքերը եւ սահմանափակումները, եւ շուտով չինական ապրանքները վաճառվեցին ամբողջ աշխարհում։


Վերջին 40 տարիների ընթացքում Չինաստանը մի շարք շուկայական բարեփոխումներ է իրականացրել՝ միլիոնավոր մարդկանց դուրս բերելով աղքատությունից:

Այսօր Չինաստանը ՀՆԱ-ի ծավալով աշխարհում երկրորդ տնտեսությունն է ԱՄՆ-ից հետո։ Վերջերս Չինաստանն ընդլայնեց իր տնտեսական ներկայությունն աշխարհում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» լայնածավալ ենթակառուցվածքային նախագծի միջոցով։ Նոր ճանապարհները, նավահանգիստները եւ տրանսպորտային հանգույցները պետք է դառնան նոր «Մետաքսի ճանապարհի» հիմքը, որը կմիավորի աշխարհի բնակչության կեսը կամ համաշխարհային ՀՆԱ-ի 30 տոկոսը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն իր «Պետական կառավարման մասին» գրքում նշում է, որ անհրաժեշտ է խթանել մարդասիրական եւ մշակութային փոխանակումները, խորացնել բարեկամական կապերը զբոսաշրջության, գիտության եւ կրթության ոլորտներում, անհրաժեշտ է արտաքին աշխարհին ծանոթացնել Չինաստանի քաղաքականությանը։

«Քաղաքականությունը եւ մարտավարությունը մեր կուսակցական եւ դիվանագիտական ​​աշխատանքի կյանքն են»,-իր գրքում նշել է Ծինփինը։

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանն ու Չինաստանը նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Անցած 30 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները զարգացման շրջան են ապրել եւ ապագայում նույնպես կշարունակեն ամրապնդվել ու խորանալ։ Հայաստանում ՉԺՀ դեսպան պարոն Ֆան Յունը բազմիցս նշել է, որ 30 տարվա արդյունավետ դիվանագիտական ​​հարաբերությունների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, եւ համատեղ ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի հասնել կողմերի առջեւ դրված բոլոր նպատակներին։

Նշենք, որ Չինաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է 29,3 տոկոսով։