Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, ըստ էության, նշանակում է համաշխարհային պատերազմ սկսելու կոչ, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով, հակամարտության դեպքում հետեւանքները կլինեն հրեշավոր ու անկանխատեսելի։ Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ աշխարհի բոլոր երկրները, հատկապես ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության անդամները, պետք է ուշադրություն դարձնեն Ուկրաինայի նախագահի հայտարարություններին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաշինգտոնը եւ Լոնդոնը իրականում ղեկավարում են Կիեւի գործունեությունը, նրանք պատասխանատվություն են կրում Զելենսկու խոսքերի եւ գործողությունների համար, ընդգծել է Պեսկովը։


«Սա նախագահ Զելենսկու այն հայտարարությունն է, որին պետք է ուշադրություն դարձնեն աշխարհի բոլոր երկրները: Զելենսկու այս հայտարարությանը հատկապես ուշադրություն պետք է դարձնեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ ԵՄ երկրները: Առաջին հերթին, առաջին երկուսը»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Զելենսկին, տեսակապի միջոցով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուիի ինստիտուտում, ասել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է «կանխարգելիչ» հարվածներ հասցնի Ռուսաստանին, այլ ոչ թե «սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին»։