«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։

Նիկոլ Փաշինյանը Պրահայում մի շարք հանդիպումներ ունեցավ․ հանդիպեց Թուրքիայի նախագահին, տարածվեց Ալիեւ-Մակրոն-Միշել-Փաշինյան քառակողմ հայտարարությունը։ Ինչի՞ մասին էին այս հանդիպումները, արդյոք դրանք «Հայաստանի համար առաջ գնալու նոր տարածքներ բացեցի՞ն», ինչպես Փաշինյանն էր հայտարարում Պրահա մեկնելուց առաջ, թե՞ նա գնաց հերթական կապիտուլյացիան ստորագրելու, ինչպես ընդդիմությունն է պնդում։


Պրահայում Էրդողան-Փաշինյան հանդիպումը նման միջոցառումների ժամանակ տեղի ունեցող «միջանցքային» հանդիպումներից մեկն էր՝ առանց օրակարգի, առանց արդյունքի, որոնց վերաբերյալ, ձեւավորված ավանդույթի համաձայն, տարատեսակ պաշտոնյաներ անիմաստ, վերամբարձ հայտարարություններ են անում՝ պարզապես իրենց անունը եւս մեկ անգամ լրատվամիջոցներում հնչեցնելու համար։ Որեւէ հանդիպման արժեքն ու նշանակությունը գնահատվում են ոչ թե անհիմն հայտարարություններով, այլ առարկայական արդյունքներով՝ հանդիպման ձեւաչափով, մասնակիցների կարգավիճակով եւ ընդունված փաստաթղթերի իրավական ու քաղաքական նշանակությամբ ու բովանդակությամբ։ Ինչ վերաբերում է քառակողմ հանդիպմանը, ապա այն որեւէ կարգավիճակ չուներ, քանի որ «միջնորդներ» Էմանուել Մակրոնը եւ Շառլ Միշելը որեւէ լիազորություն կամ պարտավորություն չունեին ու հանդես էին գալիս որպես անհատներ։ Առաջինի անիմաստ ու անլուրջ նախաձեռնություններն արդեն ավանդույթ են դառնում, իսկ երկրորդն ի պաշտոնե միջազգային հարաբերություններում որեւէ դերակատարում չունի։ Ավելին, նրանք լիազորված չեն որեւէ կազմակերպության կողմից եւ որեւէ գործընթացի վրա ազդեցություն չունեն, չունեն նաեւ որեւէ լուրջ բանակցության կազմակերպման փորձ ու գիտելիք։ Ընդունված հայտարարությունը որեւէ իրավական արժեք չունի, անիմաստ թուղթ է։ Ինչ վերաբերում է քաղաքական նշանակությանը, ապա կարելի է առանձնացնել 3 ձեւակերպում։ Առաջինը հետեւյալն է. «Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», երկրորդը՝ «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»: Անհայտ է՝ ի՞նչ է նշանակում «քաղաքացիական առաքելություն», որովհետեւ միջազգային հարաբերություններում նման հասկացություն չկա, որո՞նք պետք է լինեն դրա լիազորություններն ու նպատակները եւ այլն: Հետեւաբար, այդ արձանագրումն անիմաստ է։ Սակայն պետք է նաեւ նկատել, որ Ադրբեջանը պահանջել է արձանագրել, որ ինքն է որոշելու, թե ինչքանով առնչություն կունենա դրա հետ, այսինքն՝ ինքը չի նրանց հրավիրել ու կառնչվի, երբ հարկ համարի:

Ինչ վերաբերում է առաջին ձեւակերպմանը, ապա պետք է հիշեցնել, որ, ՄԱԿ կանոնադրության համաձայն, անդամակցելիս ստորագրելով այն, երկու երկրներն արձանագրել են, որ ճանաչում են միմյանց եւ մյուս անդամ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հետեւաբար, որեւէ նոր բան չի արձանագրվում, եւ խոսք կարող է լինել միայն այդ հայտարարության անուղղակի քաղաքական հետեւանքների մասին։ Դրանք մի քանիսն են։

Ա. Հեշտ է նկատել, որ Հայաստանի գործող իշխանությունների տգիտության պատճառով միջազգային հարաբերություններում Հայաստանի նկատմամբ ձեւավորվել է անլուրջ վերաբերմունք, եւ դրանց «արդյունքները» դրսեւորվում են նվազագույն մակարդակով՝ իրավական ուժ չունեցող հայտարարություններով։ Փաշինյանը ոչ միայն սկսեց 0-ական կետից, ինչպես հայտարարում էր, այլեւ Հայաստանի միջազգային դերակատարումը հասցրել է 0-ական կետի։

Բ. Եթե մինչ 2018թ. իշխանափոխությունը Ադրբեջանի հետ շփումներն իրականացվում էին ԵԱՀԿ մանդատն ունեցող Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից երեքի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներից բաղկացած պրոֆեսիոնալ բանակցային առաքելության շրջանակներում, ապա այսօր՝ որեւէ լիազորություն չունեցող երկու անձերի։

Գ. Հանդիպման լուսանկարներում պարզորոշ նկատելի է, որ Հայաստանի ներկայացուցիչները նստած են բացակայող հայացքներով՝ անհաղորդ կատարվող իրադարձությանը։ Դրա փաստացի վկայությունն է այն հանգամանքը, որ հայտարարության մեջ արձանագրվում է, թե, իբր, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն չի արձանագրվում, որ Ադրբեջանը պետք է իր զինված կազմավորումներն անհապաղ դուրս բերի Հայաստանի Հանրապետության տարածքից։ Առանց այդ արձանագրման հայտարարության ստորագրումը նշանակում է ընդունել Հայաստանի գործող իշխանությունների հերթական նվաստացումն Ալիեւի կողմից։

Դ. Ոչ ամենակարեւոր, սակայն էական հանգամանք է նաեւ հայտարարությունում տեղ գտած հաստատագրումը, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում։ Դա Ռուսաստանին գործընթացից դուրս մղելու ակնհայտ փորձ է, որին Հայաստանը համաձայնել է։ Հայաստանի ներկայացուցիչները դարձել են Ալիեւի խղճուկ կամակատարները։ Դա է հաստատում նաեւ հանդիպման հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը, որ Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ քննարկել Արցախի հետ կապված հարցերը։ Չորս տարի ղեկավարելով երկիրը՝ այդպես էլ չհասկացան, որ Հայաստանի գործընկերն Արցախի հարցում պետք է լինեն միջազգային կազմակերպությունները, այլ ոչ թե Ադրբեջանը։ Արդյունքը՝ կրկին 0։

Սրանք են տգիտության, պրիմիտիվ աճպարարության ու բանսարկության հերթական արդյունքները։ Սպասեք հաջորդներին՝ որպես, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր»։

Ձեր կարծիքով՝ այդ փաստաթուղթն իրապե՞ս խաղաղության երաշխիք է։ Ինչպե՞ս անել, որ տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատվի, սակայն ամոթալի, անդառնալի զիջումների չգնանք։ Դուք համաձա՞յն եք Տեր-Պետրոսյանի հետ, ով ասում է, որ ով էլ գա, պետք է ստորագրի, եւ ուշացնելու պարագայում մենք հետո ավելի վատ փաստաթուղթ կվավերացնենք։

Որեւէ փաստաթուղթ չի կարող խաղաղության երաշխիք լինել։ Նման պատկերացում կարող է ունենալ կա՛մ անուղղելի ռոմանտիկը, կա՛մ ծայրահեղ երեսպաշտը։ Որեւէ պետության համար խաղաղության երաշխիք կարող է լինել միայն թշնամիների նկատմամբ իր գերազանցությունն ապացուցած բանակը եւ թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում քաղաքական հասունություն ունեցող պետությունը։ Եթե տարածաշրջան ասելով նկատի ունեք Հարավային Կովկասը, ապա այսօր Հայաստանը որեւէ ազդեցություն չունի տարածաշրջանային գործընթացների վրա, եւ ավելորդ է խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատման ու դրանում մեր երկրի դերակատարման մասին։ Ինչ վերաբերում է առաջին նախագահի՝ Ձեր նշած ձեւակերպմանը, ապա խնդիրը ոչ թե ստորագրելը կամ չստորագրելն է, այլ փաստաթղթի բովանդակությունը։ Ավելին, շատ հեշտ է ապացուցել, որ փաստաթղթի «վատ» կամ «լավ» լինելը կախված է ոչ թե շուտ կամ ուշ ստորագրելուց, այլ՝ դրա բովանդակությունից, հետեւաբար՝ փաստաթղթի վրա աշխատողների գիտելիքներից, փորձից, կատարած աշխատանքից։ Հիշեցնեմ, որ 1997-98-ին բանակցային սեղանին կար մի փաստաթուղթ, 2019-ին՝ բոլորովին այլ։ Այսօր՝ 2022-ին, կհայտնվի միանգամայն այլ բան։ Ընդ որում, այս վերջինը ոչ մի կապ չի ունենա խաղաղության հաստատման հետ։ Ալիեւը շարունակելու է իր՝ սահմաններ չունեցող լկտի պահանջները ներկայացնել ու քայլ առ քայլ հասնել դրանց իրականացմանն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է։ Բաքուն է շահագրգռված պայմանագրի կնքմամբ, քանի որ հասկացել է այն պարզ ճշմարտությունը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որեւէ իրավական ուժ չունի, եւ դրա հիման վրա իր բոլոր ձեռքբերումներն ապօրինի են, ու երբ Հայաստանում հաստատվի լեգիտիմ, գրագետ ու Հայաստանի շահերը պաշտպանող իշխանություն, հայտարարելու է այդ մասին։ Հետեւաբար, նրան պետք է իսկապես իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որը կվավերացնի այս իշխանության շարունակական կապիտուլյացիայի արդյունքում իր ձեռք բերածը։ Փաստորեն, նախապատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի արդյունքները վավերացնող փաստաթուղթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում