Ֆրանսիան լիակատար համերաշխություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ՝ նրա տարածքային ամբողջականության խախտումների պայմաններում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում։

Նա նշել է, որ սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո Ֆրանսիան ջանքեր է գործադրել իրավիճակը կայունացնելու համար՝ պահանջելով ադրբեջանական զինուժից վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը, եւ աջակցել է երկու երկրների միջեւ բանակցություններին։


Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ ամսվա վերջը Հայաստանի սահմանի երկայնքով Եվրամիության երկամսյա քաղաքացիական առաքելություն տեղակայել։ «Այս առաքելության նպատակը իրավիճակի կայունացումն է եւ կողմերի միջեւ գործընթաց սկսելը։ Մասնավորապես, մենք հուսով ենք, որ առաքելությունը կկարողանա նպաստել սահմանների սահմանազատման առաջիկա գործընթացին»,- ասել է նա։ «Միեւնույն ժամանակ, մենք աշխատում ենք ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ստեղծման վրա՝ բախումներից հետո իրավիճակի եւ կարիքների, մասնավորապես՝ հումանիտար կարիքների վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար»,- հավելեց նա։ «Հայաստանը կարող է հույս դնել Ֆրանսիայի աջակցության վրա»,- վստահեցրել է Ֆրանսիայի արտգործնախարարը։