Արցախի ռազմական-քաղաքական էլիտան իրեն պահում է անհասկանալի: Այս մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ինձ իրոք հետաքրքիր է` Ալեն Սիմոնյանից Արցախի պատվիրակությունը ի՞նչ ակնկալիք ուներ: Խորհրդարանական այդ նույն խմբակցությունները 1.5 տարի է պահանջում են այդ նույն Ալեն Սիմոնյանից, որ Հայաստան- Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ հրավիրի: Ինքը վախեցել է դա անի, ինքը դա չի արել Ալիեւին դուր գալու համար, ինքը շատ ուղիղ տեքստով դա հայտարարել է, որ Արցախը թողնելու են Ադրբեջանի կազմում, հիմա այդ պատվիրակությունը Ալեն Սիմոնյանից ի՞նչ ակնկալիք ունի, հաջորդ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը նրանց Ադրբեջանի քաղաքացու անձնագիր է տալու: Էլ ի՞նչ պիտի սրանք ասեն, թող պահանջեն Ազգային ժողովի համատեղ միջխորհրդարանական նիստ: Արցախի ռազմական-քաղաքական էլիտան իրեն պահում է անհասկանալի: Էլի ինչ սրանք պետք է անեն, որ հելնեն, ասեն` հոպ, 130 հազար մարդ, մեր հայրենիքի մի մասին տանում են ցեղասպանության, Արցախը տանում են հայաթափման ու Արցախից չկա էդ ճիչը, ժողովրդական մակարդակով կա, բայց քաղաքական, ռազմական էլիտաների մակարդակով չկա, ու ես ասում եմ, այդ փրկությունը գալու է նաեւ Արցախից, այս գիտակցությունը պետք է Արցախում լինի, չի կարող ուրիշ պարագայում: Մի պահ պատկերացնենք, պայմանական եմ ասում, նոյեմբերի 9-ին 50 հազար մարդ դուրս է գալիս Արցախի Ստեփանակերտի հրապարակ` հստակ ձեւակերպված պահանջներով, հենց այդ նույն օրը եւս 100 հազաքր մարդ Երեւանում, փոխվում է իրավիճակը, բոլորի խաղաքարտերը խառնվելու են` Նիկոլի, Ալիեւի, Էրդողանի, Արեւմուտքի, որովհետեւ հասկանալու են, որ այստեղ կա ժողովուրդ, ով ուզում է ունենալ պետականություն»,- ասաց նա:


Սաղաթելյանի խոսքով` Արցախցի ժողովրդի կամքը Արայիկ Հարությունյանը չի արտահայտում, արցախցին իր ինքնորոշման համար պայքարում է 30 տարի, նա ձեռք է բերել իր պատմական հայրենիքում ինքնորոշման, ազատ ապրելու իրավունք:

«Հիմա ինչ է կատարվում, մի խելագար պետք է որոշի այս 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը ու Արցախում, Հայաստանում պետք է լռեն, ով է հետո սրա տակից դուրս գալու: Արցախում կա մի տեսակետ, որ ասում ես խոսացեք, ասում են` փող չեն տա, գլուխը պատով կտա փող չի տա, Նիկոլը դա իր հոր տնից չի բերել»,- ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ ԱԺ-ում Արցախի հարցով իրենց բոլոր նախաձեռնությունները տապալվել են իշխանությունների կողմից, խաբել են բոլոր հարցերում, իսկ հիմա բացահայտ են ասում:

«Լրջագույն, օրհասական ծանր իրավիճակում ենք, ցանկացած հիմնավորում անհիմն է, ու դավաճանություն է մեր անցյալի, մեր տղերքի, մեր ապագայի, մեր սերունդների հանդեպ: Պետք է մեկ ճակատով` ընդդիմություն, նախկին, ներկա դուրս գան, որովհետեւ այլ տարբերակ չկա, սա է իրականությունը»,- հավելեց նա