Պեկինը բնական գազ ներկրողներին հրամայել է դադարեցնել բեռների վերավաճառքը Եվրոպայի եւ Ասիայի գնորդներին, որպեսզի Չինաստանն այս ձմռանը բավականաչափ ներքին պաշարներ ունենա, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Զարգացման եւ բարեփոխումների ազգային հանձնաժողովը չինական PetroChina, Sinopec եւ CNOOC էներգետիկ հսկաներին խնդրել է դադարեցնել հեղուկ բնական գազի մատակարարումները։


Չինաստանում տնտեսական դանդաղումը, որը պայմանավորված է խիստ զրոյական COVID-ի քաղաքականությամբ, նվազեցրել է գազի պահանջարկը տեղական մակարդակով՝ թողնելով դրա ներկրողներին բնական գազի ավելցուկ, որը նրանք վերավաճառել են Եվրոպային եւ այլ երկրներին:

Ըստ Nikkei-ի հաշվետվության՝ օգոստոսին վերավաճառվել է ավելի քան 4 մլն տոննա չինական ՀԲԳ կամ առաջին կիսամյակում եվրոպական ներմուծման մոտ 7 տոկոսը։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Չինաստանը էժան գնով ռուսական վառելիք է գնել։ Ինչ-որ պահի Չինաստանին հաջողվել է 50 տոկոսանոց զեղչ ստանալ ՀԲԳ-ի մատակարարումների համար՝ ռուսական արտահանման «Սախալին-2» գործարանից։ Բայց քանի որ եվրոպական գազի պաշարները արագ են լցվում եւ առաքման ծախսերը ռեկորդային բարձր մակարդակի վրա են, ՀԲԳ-ի վերավաճառքի գրավչությունը նվազել է, հայտնում է Bloomberg-ը:

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի հեռանկարը օգոստոսին գազի տարածաշրջանային գները հասցրել է պատմական առավելագույնին՝ ավելի քան 346 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար: