Ֆրանսիայի եւ Գերմանիայի կառավարությունները հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգել են մինչեւ հունվար, հայտնել են պաշտոնյաները: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին, հանդիպումը հետաձգվել է տարաձայնությունների պատճառով, այդ թվում՝ էներգետիկ քաղաքականության ու պաշտպանության վերաբերյալ։

Եվրոպական երկրներն ընդգծել են Ուկրաինայի պատերազմից հետո միասնության պահպանման անհրաժեշտությունը, բայց նրանց միասնությունը փորձություն է անցնում էներգետիկ ճգնաժամով, որը հարվածել է արեւմտյան խոշոր տնտեսություններին:


Ֆրանսիացի պաշտոնյաները հիասթափություն են հայտնել Գերմանիայի միակողմանի որոշումների, այդ թվում՝ 200 միլիարդ եվրո արժողությամբ էներգետիկ փաթեթի կապակցությամբ, որը Բեռլինը ներկայացրել է առանց Փարիզին նախազգուշացնելու:

Փարիզը դեմ է արտահայտվել Պիրենեյներով նոր MidCat գազատար կառուցելու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Իսպանիայի նախաձեռնությանը:

Ֆրանսիան նաեւ լավ չի վերաբերվում նաեւ այդ թվում` ԱՄՆ-ից հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու Գերմանիայի քայլերին, դրանք Եվրոպայից գնելու փոխարեն:

Գերմանական կառավարության ներկայացուցիչը ճեպազրույցում ասել է, որ երկու կողմերն էլ որոշել են, որ հետաձգումն իմաստ ունի լոգիստիկ խնդիրների եւ երկկողմ բանակցությունների պատճառով, որոնք ավելի երկար են տեւում համաձայնության հասնելու համար:

Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը արձագանքել է Բեռլինի մեկնաբանություններին՝ ասելով, որ երկու կողմերին էլ «ավելի շատ ժամանակ» է պետք՝ համաձայնությունների հասնելու համար այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկ քաղաքականությունը եւ պաշտպանական համագործակցությունը:

Գերմանական աղբյուրները հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուզում էր, որ ավելի հավակնոտ գործարք կնքվեր հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ, որը պետք է տեղի ունենար Ֆոնտենբլոյում:

Որոշ ֆրանսիացի դիվանագետներ ասում են, որ Գերմանիայի հասցեին հրապարակային քննադատությունը հակաարդյունավետ է եւ հաղթանակ չի բերում Մակրոնի եվրոպամետ ընտրողներին: Սակայն մյուսներն ասում են, որ իրենք համարում են, որ Գերմանիան ազդեցություն ունի եւ որոշումներ է կայացնում, որոնք երբեմն հակասում են Ֆրանսիայի շահերին:

Ֆրանսիան իր էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրում է միջուկային էներգիայով եւ շատ ավելի քիչ է կախված բնական գազից, քան Գերմանիան։ Սակայն ֆրանսիացի պաշտոնյաներն ասում են, որ անհանգստացած են, որ Գերմանիայի 200 միլիարդ եվրոյի ծրագիրը կարող է խեղաթյուրել եվրոպական շուկան, քանի որ այլ երկրներ չունեն իրենց քաղաքացիներին պաշտպանելու նույն միջոցները:

Ֆրանսիան նաեւ կարծում է, որ առաջարկվող MidCat խողովակաշարի կառուցումը չափազանց երկար ժամանակ կպահանջի մոտալուտ էներգետիկ ճգնաժամը մեղմելու համար, թանկ կարժենա Ֆրանսիայի համար եւ հակասում է «կանաչ» տնտեսությանն անցնելու ջանքերին:

Իսպանիայի եւ Գերմանիայի պաշտոնյաները, ովքեր իրենց անունը չեն հայտնել, Reuters-ին ասել են, թե իրենք կարծում են, որ Ֆրանսիան ուզում է պաշտպանել սեփական հիվանդ միջուկային արդյունաբերությունը եւ դիմադրել Իսպանիայի մրցակցությանը՝ որպես ներմուծվող գազի փոխադրման կետ: Ֆրանսիացիները զայրացած են «գերմանացիների վրա, հատկապես՝ Շոլցի։ Նրանք հրապարակայնորեն չեն խոսում այդ մասին, բայց կատաղած են»,- ասել է եվրոպական աղբյուրը, որը կապի մեջ է եղել Ֆրանսիայի կառավարության հետ: «Գերմանացիներն անում են այն, ինչում հաճախ մեղադրում են ֆրանսիացիներին՝ որոշումներ են կայացնում առանց գործընկերների հետ խորհրդակցելու՝ ելնելով իրենց շահերից»:

Անցյալ տարվա բանավեճերում Ֆրանսիան եւ Գերմանիան նույնպես ներգրավված էին միջուկային վեճի մեջ, որտեղ Գերմանիան դեմ էր Ֆրանսիայի ջանքերին՝ ուղղված նրան, որ Եվրամիությունը միջուկային էներգիան «կանաչ» անվանի։