Վերահաստատում եմ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու Հայաստանի մտադրությունը։ Հոկտեմբերի 21-ին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա հավելեց, որ Իրանը միշտ եղել է եւ կմնա Հայաստանի առանցքային գործընկերը։


«Մեր համագործակցությունը ներառում է լայն քաղաքական օրակարգ, ինչպես նաեւ սերտ կապեր առեւտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում, որոնք, հուսով ենք, ավելի կխորանան եւ նոր շունչ կստանան, այդ թվում՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության աշխատանքի շնորհիվ»,- ասաց Միրզոյանը։

Նշենք, որ գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը մասնակցել է նաեւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը նախորդ տարվա վերջին որոշել էր Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացել՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ առաջարկին։ 2022 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Մորթեզա Աբեդին Վարամինը։ Սեպտեմբերի վերջին նա արդեն ստանձնել էր իր պարտականությունները։