Հայաստանի առաջին արբանյակի՝ «ArmSat-1» կառավարման կենտրոնը նախատեսվում է բացել մինչև տարեվերջ։ Ինչպես Ազգային ժողովի նիստում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը, արբանյակն առայժմ աշխատում է ըստ ժամանակացույցի և անցնում պլանային փորձարկումներ։

Նրա խոսքով՝ արբանյակի փորձարկումները նախատեսված ժամանակացույցից նույնիսկ մի փոքր ավելի արագ են ընթանում։

«Ինչ վերաբերում է կառավարման կենտրոնին և արբանյակի հետ կապված այլ ենթակառուցվածքներին, ապա դրանք նույնպես ժամկետից շուտ շահագործման կհանձնվեն։ Այսինքն՝ մինչև այս տարվա վերջ»,- ասել է Պողոսյանը։

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ըստ նրա, արդեն հատկացվել են, որոշումներն արդեն կայացվել են։

Հայկական առաջին արբանյակը
Հայկական առաջին արբանյակը՝ «ArmSat-1»-ը, Երկրի ուղեծիր է արձակվել 2022 թ․ մայիսի 25-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից՝ SpaceX տիեզերանավով։ Այս նախագիծն իրականացվել է Հայաստանի պետական ​​«Գեոկոսմոս» ընկերության և իսպանական «SANTLATIS» ընկերության համատեղ աշխատանքի արդյունքում։

«ArmSat-1»-ը պատկանում է CubeSats 16U փոքր արբանյակների դասին։ Նման սարքերը կշռում են ընդամենը 15,5 կգ։ Արբանյակը համալրված է iSIM-90 մոնիտորինգի սարքով, որը մշակվել է Բասկերի երկրի Լայոայի համալսարանի գիտական ​​պարկում և կարող է 500 կիլոմետր բարձրությունից դիտել մինչև 1,65 մետր չափի առարկաներ։ Սարքն աշխատում է չորս սպեկտրային տիրույթում և կարող է ստանալ 26 կմ լայնությամբ պատկերներ։ Ultra-High Pixel (UHP) տեխնոլոգիան հնարավորություն կտա երկու-երեք անգամ բարելավել ստացված պատկերները։

ՀՀ պաշտոնյաները հայտնել են, որ արբանյակից ստացված տվյալները հասանելի կլինեն միայն Հայաստանին և կօգտագործվեն ինչպես սահմանային իրավիճակի մոնիտորինգի, այնպես էլ արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման, շրջակա միջավայրի պաշտպանության, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրաբանության և այլն նպատակների համար։ Ակնկալվում է, որ արբանյակը մեզ տվյալներ կտրամադրի առնվազն չորս տարվա ընթացքում։

Թե որքանով օգտակար կլինեն այդ տվյալները, ցույց կտա ժամանակը։