«Մենք երբեք չենք մտածել, որ Ղարաբաղի հարցը մի հարց է, որը պետք է օգտագործենք իշխանություն մնալու կամ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»,- ՔՊ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետը և երկու մեջբերում արել ՀՀ անկախության հռչակագրից և ՔՊ հիմնադիր ծրագրից: Փաշինյանն ապա շարունակել է. «2007-ին Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ ՀՀ-ում իշխող ուժն ու մարդիկ, ըստ էության, ոչնչացրին նաև ԼՂ անկախության հռչակման իրավական հիմքերը: Եվ մենք՝ իշխանության գալով, առերեսվելով այս իրավիճակի հետ, փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ պետականության հիմունքները նորոգենք: Արձանագրեցինք, որ ՀՀ-ն, պետական իշխանության մակարդակով, 1998-ից մինչև 2018-ը հետևողականորեն հրաժարվել և քայքայել է պետության հիմունքները: Հետո պարզեցինք, որ նույնիսկ մեր բոլոր ջանքերով այլևս ի վիճակի չենք վերականգնել: Երբ մեզ քննադատում են, ասում են՝ դե երբ որ Ադրբեջանը հույսը կտրեց, որ բանակցային ճանապարհով կկարողանա հասնել նրան, ինչին ուզում էր, այդ պատճառով տեղի ունեցավ պատերազմը: Բայց սա ի՞նչ է նշանակում, որ ՀՀ իշխանությունները իրենց ողջ գործունեության ընթացքում մի գիծ են տարել՝ Ադրբեջանին շարունակաբար հույս տալ, որ իրենք առանց պատերազմի կկարողանան հասնել նրան, ինչին ուզում են: Այո, դա կարելի է անել, մեկ, երկու, տասն անգամ, բայց դա պետք է ավարտ ունենա ու 2018-ին, այն ժամանակ իշխանության բարձրագույն ներկայացուցիչ ընտրվելու հավակնություն ունեցող անձը, ըստ էության, արձանագրեց այդ ավարտը»: Փաշինյանի խոսքով՝ «պարզվեց, որ ՀՀ-ն շուրջ 30 տարվա բանակցությունների արդյունքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի վերաբերյալ, պարզվեց, որ ՀՀ-ն այլևս որևէ բան այդ համատեքստում չի որոշում»: