Եվրոպային չի հաջողվի Ռուսաստանին դուրս թողնել Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ԵՄ նախաձեռնությամբ Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը առնչվում Սոչիի հանդիպմանը։

«Ինչ վերաբերում է Պրահայում առանց Ռուսաստանի մասնակցության հանդիպմանը, թե ինչու առանց մեր մասնակցության, հասկանալի է եւ որեւէ մեկին բացատրելու կարիք չկա։ Մեր եվրոպացի գործընկերներն իրենց քաղաքականությունն այնպես են վարում, որ փորձեն Ռուսաստանին դուրս թողնել բոլոր ձեւաչափերից։ Հասկանալի է, որ որոշ իրավիճակներում դա բացարձակապես անիրատեսական է, անհնարին, ինչպես, օրինակ, այս դեպքում։ Բայց մենք, մեր կողմից, միշտ ողջունում ենք կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքեր։ Հետեւաբար, ինչ վերաբերում է նրան, թե որքանով է այդ հանդիպումն առնչվում Սոչիի հանդիպմանը, ապա առնչվում է միանգամայն բնական ձեւով։ Եվ մենք աջակցում ենք այն ամենին, ինչն ուղղված է առճակատման նվազեցմանն ու կարգավորմանը»,- ասել է նա։

Ինչպես արդեն հաղորդվել է, Սոչիում կայացել է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, որից հետո կայացել է եռակողմ ձեւաչափով հանդիպում։

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։