«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան։ Այսօրվանից մեկնարկող ԱԺ նիստերին կմասնակցեն նաեւ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։ Մեզ հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ անձամբ ինքն ուրախ է, որ ընդդիմությունը վերադառնում է:

Մեր դիտարկմանը, թե իրենց խմբակցությունը մեկ տարի շարունակ ծեծով-հայհոյանքով էր դիմավորում ընդդիմադիրներին, վերջում էլ ծափերով ճանապարհեց դահլիճից դուրս, արդյոք հիմա պատրաստվո՞ւմ է ծափերով դիմավորել նրանց, Աղազարյանն ասաց․ «Ընդամենը երկու անգամ է, եթե չեմ սխալվում, եղել միջադեպ, հետեւաբար, դա ընդհանրացնել ամբողջ տարվա վրա՝ ճիշտ չի լինի, եւ ես որեւէ առիթ բաց չեմ թողնելու` ասելու, կրկնելու, կարեւորելու ընդդիմության դերը՝ որպես իշխանության մաս, ԱԺ աշխատանքների որակի բարձրացման իմաստով։ Դրա համար շատ ուրախ եմ, որ էդպիսի որոշում են կայացրել մեր ընդդիմադիր գործընկերները»։


Կրկնեցինք հարցը` իսկ հնարավո՞ր է, որ այդ ուրախությունն արտահայտեն նաեւ ծափերով, ինչպես ճանապարհել էին։ Աղազարյանն ասաց․ «Չէ, ես չեմ ծափահարի, որովհետեւ դա ավելորդություն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում