Ադրբեջանը համաձայնություն չի տա Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերի ընդգրկմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով ԵՄ Արեւելյան գործընկերության հատուկ բանագնաց Դիրք Շուբելի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը ցանկանում է խաղաղության համաձայնագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցեր։ Դա չի լինի: Դա անհնար է։ Մենք դրան համաձայնություն չենք տա»,-ասել է Ալիեւը։


Նրա խոսքով՝ «Բաքվին պետք է Հայաստանի բացարձակ հստակ դիրքորոշում»։

«Ես վերջերս ասել եմ, որ եթե նրանք խաղաղություն ցանկանան, մենք էլ խաղաղություն կցանկանանք։ Եթե նրանք խաղաղություն չեն ցանկանում, ապա դա նրանց ընտրությունն է։ 30 տարի մենք խաղաղություն չենք ունեցել, եւ Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել»,-նշել է նա։