Հանրապետական կոնգրեսականները ներկայացրել են արտոնյալ բանաձեւ Կոնգրեսի կողմից Ուկրաինային հատկացված միջոցները ստուգելու մասին, գրել է The Hill-ը։

Բանաձեւի նախաձեռնողը Մարջորի Թեյլոր Գրինն է, որին սատարել է Հանրապետական կուսակցության օրենսդիրների խումբը։


Բայդենի վարչակազմը Կիեւին տրամադրել է ավելի քան 20 մլրդ դոլարի ռազմական օգնություն, ինչպես նաեւ մոտ 10 մլրդ դոլարի հումանիտար եւ մոտ 13 մլրդ դոլարի տնտեսական օգնություն։ Նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել 37,7 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել Ուկրաինայի համար։

Գրինը ներկայացրել է օրինագիծը որպես արտոնյալ բանաձեւ, ինչը նշանակում է, որ այն կհանձնվի համապատասխան կոմիտեին, որի անդամները 14 աշխատանքային օր կունենան, որպեսզի կամ մերժեն այն, կամ հավանություն տան Ներկայացուցիչների պալատում քվեարկության դնելու համար։

Առայժմ պարզ չէ, թե որ կոմիտեն է դիտարկելու բանաձեւը, բայց դեմոկրատները, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկեն, որպեսզի այն չհայտնվի Ներկայացուցիչների պալատում։ Գրինն ասել է, որ ինքը պատրաստ է նորից ներկայացնել բանաձեւը հաջորդ Կոնգրեսում, երբ հանրապետականներն այնտեղ մեծամասնություն ունենան։

«Ես նորից կներկայացնեմ այս բանաձեւը, բայց նաեւ լրիվ ստուգման կոչ եմ անում։ Մենք նաեւ պատրաստվում ենք ստուգել, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում»։