«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելուց հետո, բացի հիմնական խնդիրներից, Ռուբեն Վարդանյանը բախվել է ևս մեկ բավական լուրջ խնդրի, որը նրան պարզապես անակնկալի է բերել: Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, Վարդանյանը պարզել է, որ բյուջեի 2022 թվականի գումարներն արդեն ծախսվել են, այնինչ մինչև տարեվերջ դեռևս մեկուկես ամիս ժամանակ կա:

Բնականաբար, առաջիկայում պետք է վճարել աշխատավարձ, կատարել բյուջեով նախատեսված այլ ծախսեր, շինարարական աշխատանքներ, դրան գումարած՝ արդեն իսկ առկա են ընթացիկ պարտքեր, որոնք անհրաժեշտ է մարել, բայց... փող չկա: Թե ինչպես է առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Արցախի պետնախարարը կարողանալու ելքեր գտնել, դժվար է ասել: Սակայն մեր աղբյուրը նշում է, որ Վարդանյանը հիմա առաջնահերթ զբաղված է այս թնջուկին լուծում տալու ուղղությամբ:


Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ նորանշանակ պետնախարարը, մեղմ ասած, այնքան էլ գոհ չէ մի քանի պաշտոնյաների աշխատանքից, և նրանց որոշակի ժամանակ է տվել, որպեսզի կա՛մ «խելքները գլուխները հավաքեն», կա՛մ պատրաստվեն հեռանալ պաշտոններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում