Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:54-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Հ․ Բ․, ծնված 1958 թ.) և «VAZ-2105» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, դուրս բերել Ա․ Ա․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։