Երևան քաղաքի զարգացման 2023 թվականի ծրագրի նախագծում անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջությանը:


Նշվում է, որ 2021 թվականի տվյալներով Հայաստան է ժամանել 588,731 զբոսաշրջիկ: Զբոսաշրջային ծառայությունների արագ աճող պահանջարկը վերջին տարիներին հանգեցրեց հյուրանոցների թվի աճին: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ 2021 թվականի դրությամբ Երևան քաղաքում գործում է 522 ՀՏՕ (հյուրանոցային տնտեսության օբյեկտ)՝ 4845 համարներ քանակով: Երևան քաղաքում գործում են զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկու կենտրոններ, որոնք այցելուներին անվճար տրամադրում են Երևանի բազմալեզու քարտեզներ, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ տեղեկատվական բրոշյուրներ: Մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոնները 2022 թվականի հունվարից մինչև օգոստոս սպասարկել են 2882 այցելուների (հիմնականում՝ ՀՀ, ՌԴ,ՎՐ, ԻԻՀ քաղաքացիներ):

Որպես հիմնախնդիր՝ առանձնացրել են Երևան քաղաքի զբոսաշրջային բրենդի բացակայությունը, Երևանում թեմատիկ երթուղիների բացակայությունը, Երևանի՝ որպես զբոսաշրջային կենտրոնի ոչ բավարար չափով գովազդումը և ներկայացումը միջազգային շուկայում, զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքների շարունակական զարգացումը և արդիականացումը:


«ԱՆ ՆՈՒՌ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Աննա Նավասարդյանի կարծիքով՝ միջազգային շուկայում Երևանը միանգամայն պատշաճ է ներկայացվում, իսկ Երևանի այցեքարտ (բրենդ) են համարվում` Հանրապետության հրապարակը, Կասկադը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, «Մայր Հայաստան» կոթողը, .Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը։