Երկուշաբթի գիշերը տեղատարափ անձրեւը ջրհեղեղ է առաջացրել թուրքական առողջարանային Անթալիա նահանգում, հեղեղաջրերը քշել-տարել են մեքենաները, կան քանդված կամուրջներ, Կումլուջա շրջանի տեղական իշխանությունները ասում են, որ «նման իրավիճակի չեն հանդիպել վերջին հիսուն տարում», գրում է Star թերթը։

«Անթալիայի Կումլուջա շրջանում երեկոյից շարունակվող տեղատարափ անձրեւն ու ամպրոպը ուժգնացել է կեսգիշերից հետո»,- հայտնում է հրատարակությունը։ «Սալուր, Սարիկասու եւ Օրթաքոյ թաղամասերում տեղացած տեղատարափից հետո վարարել է շրջկենտրոնով անցնող Գավուր առուն»։


Փողոցներն ու պողոտաները վերածվել են լճի, կայանված մեքենաները քշվել են ջրհեղեղից։ Հարյուրավոր ջերմոցներ հեղեղվել են։ Բջջային հեռախոսներով «տնից դուրս մի եկեք», «փողոց դուրս մի եկեք» զգուշացումներ են տարածվել։

«Տարածաշրջանում 50 տարի նման աղետ չի եղել, հեղեղաջրերը կամուրջներ են քանդել, ուստի տեխնիկան չի կարողացել աշխատել։ Անձրեւաջրերը հեղեղումներ են առաջացրել՝ վնասելով առաջին հարկերն ու մեքենաները»,-ասել է Կումլուջայի քաղաքապետ Մուստաֆա Քելեօղլուն։