Հայաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս մասին ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«...Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ երկկողմ բանակցությունները սկսվել են։ Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը վերանայված առաջարկներ է ներկայացրել Հայաստանին։ Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում»,- ասել է Բայրամովը։


Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի՝ որպես երկու իրավահավասար ինքնիշխան պետությունների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմք կստեղծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի լուծման համար։