Հունաստանի իշխանությունները սառեցրել են կոռուպցիայի մեջ կասկածվող Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Քայլիի ակտիվները, հայտնում է France Presse- գործակալությունը։

Քայլիի հարազատների ակտիվները նույնպես ենթակա են կալանքի, հայտնել է Փողերի լվացման դեմ պայքարի հունական դեպարտամենտի ղեկավար Խարալամպոս Վուրլիոտիսը։


«Դա վերաբերում է հաշիվներին, սեյֆերին, ընկերություններին եւ ֆինանսական այլ ակտիվներին»,- հավելել է գերատեսչության ղեկավարը։

Բելգիայի իշխանություններն անցած ուրբաթ օրը մի քանի ձերբակալություններ եւ խուզարկություններ են իրականացրել Բրյուսելում՝ կապված Եվրախորհրդարանում կոռուպցիայի կասկածանքների հետաքննության հետ, որը կապված է Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ։ Եվրախորհրդարանի փոխնախագահ, հույն քաղաքական գործիչ Եվա Քայլին եւ նրա գործընկերը բերման են ենթարկվել, իսկ քաղաքական գործչի բնակության վայրում խուզարկություն է իրականացվել։ Քայլին անմիջապես հեռացվել է PASOK-KINAL (Համահունական սոցիալիստական շարժում – Փոփոխությունների շարժում) կուսակցությունից։ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան որոշել է անհապաղ դադարեցնել բոլոր լիազորությունները, պարտականությունները եւ առաջադրանքները, որոնք պատվիրակվել են Քայլիին Եվրախորհրդարանի փոխնախագահի պաշտոնում։