Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Ադրբեջանը, հերթական անգամ առարկայորեն ապացուցելով իր ցեղասպան քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապահովող Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակմանը զուգահեռ, դադարեցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներով անցնող խողովակաշարերով մատատակարարվող գազը՝ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանն առերեսելով հումանիտար աղետի։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ադրբեջանի հետ հարևանությամբ ապրելու փորձառությունը հուշում է, որ վերջինս շարունակաբար սաստկացնելու է սադրանքների բնույթն ու ծավալը՝ փորձության ենթարկելով Արցախը հայկական պահելու մեր կամքն ու պատրաստակամությունը, ուստի «Միասնական հայրենիք» կուսակցությունը կոչ է անում․

Արցախի ժողովրդին՝

չտրվել ադրբեջանական կողմի հումանիտար և տեղեկատվա-հոգեբանական սադրանքներին, պահպանել սառնասրտություն և հանրային պատշաճ վարքագիծ, մասնագիտական խրամատում դրսևորել առավելագույն կազմակերպվածություն։

Արցախի Հանրապետության Կառավարությանը՝
- Հայաստանի Կառավարության հետ համագործակցությամբ երկուստեք կենտրոնացնել շինտեխնիկա և զարկ տալ նախապես պայմանավորված այլընտրանքային երթուղու ճանապարհահատվածի կառուցմանը՝ այդպիսով նվազագույնի հասցնելով տևական ժամանակ շրջափակման մեջ գտնվելու և դրանից բխող հետևանքների վտանգը։

- Արցախի արտաքին գերատեսչության և Սփյուռքի համատեղ ջանքերով ՄԱԿ-ի մարմինների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների, հումանիտար, իրավապաշտպան և ոչ կառավարական կազմակերպությունների ուշադրությունը կենտրոնացնել Արցախի ժողովրդի էքզիստենցիալ խնդիրների վրա։ Այդ հիմքով ՀՀ-ի հետ գործակցությամբ գործուն քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մանդատ պատվիրակելու ուղղությամբ՝ մինչև հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը։

- Ձևավորել և ներդնել կայուն դիմակայության մեխանիզմներ՝ հանրությանը բազմակողմանիորեն նախապատրաստելով երկարատև պայքարի․ ձևավորել արագ արձագանքման կենտրոն, մոբիլիզացնել և ռացիոնալ բաշխել ներքին ռեսուրսները, հանրությանն ըստ պահանջի ապահովել այլընտրանքային վառելանյութով, պարենամթերքով և անհրաժեշտ այլ ռեսուրսներով, վարել նախահարձակ տեղեկատվական քաղաքականություն։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը շարունակելու է իր ներքին և արտաքին հնարավորություններն ի սպաս դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը։