ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի շուրջ: Նա կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը:

«Գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացումներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ:


Գուտերեշը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը` համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Գլխավոր քարտուղարը հաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման պահպանվող ջանքերին: