Հայտնի են Twitter-ում Իլոն Մասկի անցկացրած հարցման արդյունքները, որով Մակսը Twitter-ի հետ կապված հերթական խնդիրներից հետո որոշել էր սոցցանցում գրանցված օգտատերերի շրջանում պարզել, թե արդյոք ինքը պետք է հեռանա սոցցանցի ղեկավարի պաշտոնից։ Հարցմանը մասնակցածների մեծ մասը տոկոսային փոքր առավելությամբ կողմ է քվեարկել Մասկի հեռանալու օգտին։ Ընդորում՝ Twitter-ի տնօրենի մի քանի պոտենցիալ թեկնածուներ արդեն կան, այդ թվում՝ ինքնաառաջադրվածներ։

Հարցման արդյունքները
Twitter-ի ղեկավարի պաշտոնից Մասկի հեռանալու օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 57,5%-ը, դեմ՝ 42,5%-ը։ Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է մոտ 17 մլն մարդ։

Մինչև քվեարկության մեկնարկը Մասկը խոստացել էր, որ կհետևի դրա արդյունքներին ու համապատասխան որոշում կկայացնի։ «Արդյո՞ք ես պետք է հեռանամ Twitter-ի ղեկավարի պաշտոնից: Ես կհետևեմ այս հարցման արդյունքներին»,- գրել էր նա։ Առայժմ պարզ չէ, թե արդյոք Մասկը կկատարի խոստումը և կհեռանա պաշտոնից։

Հարցման արդյունքների մասին լուրերի ֆոնին Tesla-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 4-5%-ով։ Tesla-ի շատ ներդրողներ կարծում են, որ Մասկը չպետք է իր ողջ ուշադրությունը սևեռի պակաս կարևոր նախագծերի վրա և պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի առաջնահերթ բիզնեսներին:

Հիշեցնենք, որ հարցմանը նախորդել են մի շարք սկանդալային իրադարձություններ՝ կապված սոցցանցի քաղաքականության փոփոխությունների հետ, որոնց մասին վերջին շաբաթներին հայտարարել Twitter-ի նոր սեփականատերը: Մասնավորապես, օգտատերերին արգելվել է Twitter-ում տարածել որոշ մրցակից սոցցանցերի ռեսուրսների հղումներ (բացառությամբ YouTube-ի, OnlyFans-ի և մի շարք այլ ցանցերի)։ Մի քանի օր առաջ արգելվեց մարդկանց գտնվելու վայրի, նրանց հասցեների և կոնտակտների մասին անձնական տվյալների հրապարակումը, ինչից հետո Twitter-ն արգելափակեց ամերիկացի մի շարք հայտնի լրագրողների, մեկնաբանների օգտահաշիվները, որոնք իրենց հրապարակումներում անդրադարձել էին Մասկին, քննադատել նրան։ Իհարկե, ավելի ուշ նրանցից մի քանիսի օգտահաշիվներն ապաարգելափակվեցին։

Թեկնածուներ՝ Մասկի շրջապատից
Նոյեմբերին Իլոն Մասկն ասել էր, թե մտադիր է գտնել մեկին, որը կարող է իր տեղը զբաղեցնել Twitter-ի ղեկավարի պաշտոնում, սակայն վերջերս նա հայտարարեց, որ ոչ մեկին չի տեսնում որպես իր իրավահաջորդ։ «Խնդիրը ոչ թե գլխավոր տնօրեն գտնելն է, այլ այն, որ նա Twitter-ը կենդանի պահի»,- ասել էր նա՝ ի պատասխան մի մեկնաբանության, թե ինքն արդեն գտել է իրեն փոխարինողին։

Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, հիմա արդեն հարցման լուրերի ֆոնին գտնվել են հնարավոր թեկնածուներ, ընդորում՝ ոչ միայն Մասկի շրջապատից։ Ըստ պարբերականի՝ Twitter-ի ներկայիս ղեկավարի թիմակից Ջեյսոն Կալականիսը, PayPal-ի նախկին ղեկավար Դեյվիդ Սաքսը և Andreessen Horowitz-ի գործընկեր Սրիրամ Կրիշնանը այս իրավիճակում այս կամ այն ​​չափով կարող են հավակնել այս պաշտոնին։

Ուշագրավ է, որ Կալականիսը նույնիսկ իր սեփական հարցումն է անցկացրել Twitter-ում, որում քննարկվում էր թե՛ իր, և թե՛ Դեյվիդ Սաքսի թեկնածությունը: Վերջինս ստացել է ձայների 31,1%-ը, ինքը՝ Կալականիսը սահմանափակվել է ձայների 8,2%-ով, իսկ ամենաշատը հավաքել է «այլ թեկնածու» տարբերակը՝ 39,1%։ Հարցմանը մասնակցել է Twitter-ի 13,879 օգտատեր:

Երեք հնարավոր թեկնածուներն էլ Մասկի հետ են եղել այն օրը, երբ վերջինս գնացել էր Twitter-ի գլխամասային գրասենյակ՝ սոցցանցը ձեռք բերելուց անմիջապես հետո: Ըստ տեղեկությունների՝ երեքին էլ հասանելիություն է տրվել ընկերության մասին կարևոր տեղեկություններին, նաև որոշումներ կայացնելու իրավունք ինչպես անձնակազմի կառավարման, այնպես էլ Twitter-ի գովազդատուների հետ հարաբերությունների ոլորտներում: Կալականիսը և Սաքսը հետագայում հերքել են ընկերության կառավարմանն իրենց առնչությունը:

Այլ թեկնածուներ
Twitter-ի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջարկել է Լեքս Ֆրիդմանը, որը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում արհեստական բանականության ոլորտում հետազոտություններով է զբաղվում։ Նա հայտարարել է, թե պատրաստ է ղեկավարել ընկերությունը լրիվ դրույքով և առանց փոխհատուցման։ Սակայն Մասկը նրան հորդորել է փոխել միտքը և հիշեցրել Twitter-ում ներդրված խնայողությունները կորցնելու ռիսկերի, ինչպես նաև նման աշխատանքի բարդության մասին։

Ըստ Financial Times-ի աղբյուրների՝ Twitter-ի ղեկը կարող է ստանձնել Facebook-ի նախկին տնօրեն Շերիլ Սանդբերգը: Եթե ​​նա չհամաձայնի նման առաջարկին, այլընտրանքային թեկնածուն կլինի Սառա Ֆրիարը, որը նախկինում զբաղեցրել է Square-ի ֆինանսական տնօրենի պաշտոնը։

Twitter-ի ղեկավարի հնարավոր իրավահաջորդի թեկնածությունը քննարկելիս մոտ մեկ ամիս առաջ Իլոն Մասկը մերժել էր T-Mobile ընկերության նախկին գործադիր տնօրեն Ջոն Լեգերիի թեկնածությունը։