Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտահերթ նիստում օպերատիվ կերպով քննարկել եւ առաջին ընթերցմամբ ընդունել է «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնության ներկայացումը տեւել է ընդամենը 2 րոպե։ Համազեկուցողի ելույթ չի եղել։ Պատգամավորները հարցեր եւս չեն տվել։ Արդյունքում ՔՊ-ականները կողմ են քվեարկել վերոնշյալ փոփոխությունների ընդունմանը։ Ընդ որում, «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ է մնացել։


Ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մասնավորապես հայտարարել է, որ նախագծի ընդունման նպատակը մարզպետների եւ նրանց աշխատակազմերի գործունեության արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաեւ նրանց հաշվետվողականության առավել ճկուն եւ օպերատիվ մեխանիզմի ստեղծումը:

Մասնավորապես, փոփոխություններով նախատեսվում է սահմանել դրույթներ, որոնց համաձայն տարածքային կառավարման նախարարությունը կհամակարգի մարզպետարանների գործունեությունը, ինչպես նաեւ նրանց աշխատանքը պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ։

Նախարարությունը քննարկելու եւ համաձայնեցնելու է հանրապետության պետական բյուջեի եւ այլ միջոցների հաշվին նախատեսված տարածքների համաչափ զարգացման ապահովման ծրագրերը։

Նախարարությունը նաեւ իրավաբանական վերահսկողություն կիրականացնի մարզպետների որոշումների նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում կկարողանա առաջարկություններ ներկայացնել վարչապետին այդ որոշումները չեղյալ հայտարարելու մասին։