Լաչինի միջանցքի շուրջ սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման աշխատանքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անկասկած, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ: Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար: Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքի վերսկսմանը»,- ասել է փոխնախարարը։

«Մենք կարծում ենք, որ այս դեպքում փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարող են հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։


Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես բնապահպաններ, փակել են Լաչինի միջանցքը, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։