Սպառնալիքներն ու մարտահրավերներն աճում են, ԱՊՀ մասնակիցների միջեւ նաեւ տարաձայնություններ են առաջանում, սակայն կա դրանք լուծելու պատրաստակամություն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ցավոք, այս ոլորտում մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին դրսից, տարեցտարի միայն աճում են։ Ստիպված ենք խոստովանել, ցավոք, որ տարաձայնություններ են ծագում նաեւ Համագործակցության անդամ երկրների միջեւ։ Գլխավորը, սակայն, այն է, որ մենք պատրաստ ենք եւ կհամագործակցենք։ Եվ եթե նույնիսկ ինչ-որ խնդրահարույց հարցեր են առաջանում, ձգտում ենք դրանք ինքներս լուծել՝ միասին, համատեղ, միմյանց բարեկամական օգնություն ցուցաբերելով եւ միջնորդական գործողություններ կատարելով»,- ասել է նա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովում։