Դատարանը մասնակի կալանք է դրել Անի Քոչարի նոր` «Ես եմ» ամսագրի վրա, ինչի պատճառով արգելվել է ամսագրի վաճառքը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Անի Քոչարը և հավելեց, որ ինքն այսօր համաձայնության է եկել «PanArmenian Media Group» ընկերության նոր տնօրեն Արմեն Արզումանյանի հետ, և ընկերությունը հայցադիմումը հետ կվերցնի : Ամսագիրը կշարունակի գործել, հետագայում կբանակցեն նաև անունը փոխելու շուրջ, որպեսզի նմանություն չլինի:

Իսկ «Yes» ամսագրի հետ, ինչպես նշում է նա, ինքն այլևս կապ չունի և չի էլ պատրաստվում վիճարկել, քանի որ ոչ օրենքին է հավատում, ոչ արդարադատությանը:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ կազմակերպության սեփականատերերը «Yes» ամսագիրը  «Մտավոր սեփականություն» գործակալությունում գրանցել են իրենց անունով, իսկ Անի Քոչարը, իր հավաստմամբ, պետք է որոշակի գումար վճարեր, որպեսզի ապրանքանիշի լիցենզիա ստանար:
  «Ես ընդունում եմ իմ մեղքը. չեմ գրանցել իմ մտավոր սեփականությունը, բայց այստեղ դիտավորություն կար ինձ և իմ թիմին դուրս թողնելու»,- հայտարարեց նա: