Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեղադրել է ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին Իրանում հակակառավարական ցույցերը հրահրելու մեջ՝ տարածելով լուրեր և ապատեղեկատվություն։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է Al-Alam հեռուստաալիքը, այս մասին նա հայտարարել է Թեհրանում 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի վետերանների հետ հանդիպմանը։

«Իսլամական հեղափոխության թշնամիները ստի տարածմամբ չեն կարողանա հասնել իրենց նպատակներին և պառակտել Իրանի ժողովրդին»,- ասել է Ռաիսին։

Նախագահի խոսքով, սեպտեմբերի կեսերին Իրանում բռնկված անկարգությունները կազմակերպելու մեջ ներգրավված են եղել «կեղծավորները, միապետներն ու հակահեղափոխականները, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ընդդիմանում էին իսլամական հանրապետությանը»։

Իրանի դատախազությունը դեկտեմբերի 26-ին հայտնել է, որ Թեհրանում ցուցարարների 83%-ը, որոնք նախկինում ձերբակալվել էին ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից, ազատ են արձակվել իշխանությունների կողմից։ Tasneem գործակալության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «վերջին երեք ամիսների ընթացքում անկարգությունների մասնակիցների գործերով զբաղվող դատավորները 2239 այցելություններ են կատարել բանտեր և անձնական հարցազրույցներ անցկացրել բանտարկյալների հետ»: