Ադրբեջանն այս փուլում ընտրել է Արցախին ճնշելու ամենաանմարդկային ճանապարհը, ինչը սակայն չի բացառում խնդիրների լուծման ռազմական տարբերակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը տարին փակեց զինված ուժերի տարբեր օբյեկտներ այցերով և տարին սկսել է զորամասերում մարտական պատրաստության և սպառազինության վիճակ ստուգելով։

Ադրբեջանն այս փուլում ընտրել է Արցախին ճնշելու ամենաանմարդկային ճանապարհը, ինչը սակայն չի բացառում խնդիրների լուծման ռազմական տարբերակը։


Առավել հավանական տեղային գործողություններն են, որոնք իրադարձություններից կախված կարող են վերաճել մասշտաբայինի։

Եթե իրադարձությունների կիզակետում այս պահին Արցախն է, ապա դա դեռ չի նշանակում, որ ուժային լուծումները հենց Արցախում են հավանական։

Որպես ճնշումը մեծացնելու և սեփական օրակարգը սպառելու միջոց Ադրբեջանը կարող է շանտաժի ուղղությունը թեքել դեպի Հայաստան, որտեղ վերջին 2 տարիների նվաճողական գործողություններից հետո հաջողությունները զարգացնելու պլացդարմ է ձևավորել։

Ադրբեջանի համար չկա առանձին Արցախի ու Հայաստանի խնդիր, կա հայկական հարցն ընդմիշտ օրակարգից հանելու նպատակ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ արդեն 27 օր է` Արցախը շրջափակման մեջ է: