Արցախն արդեն շրջափակման մեջ է 36 օր։ Սակայն այս պայմաններում Արցախում անառողջ մթնոլորտ է եւ լարված ներքաղաքական իրավիճակ: Ստացվում է՝ մի կողմից Ադրբեջանն է բզկտում ու թուլացնում Արցախին, փորձում հայաթափել, մյուս կողմից հենց արցախցիներն են ներսում անհաշտ, իշխանության համար կռիվ են տալիս։

Այն, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները լարվել են, ակնհայտ դարձավ տարբեր դրսևորումներով: Նախ Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի օրինակով սկսեց նախկինների դեմ ատելություն գեներացնել, հագավ արդարության մարտիկի պատմուճանը, բարձրաձայնեց անարդարությունների մասին, սակայն իրականում բացի խոսքից, որևէ գաղափարական քայլ, ռազմավարական տեսլական չներկայացրեց ու գործնական որևէ քայլ չարեց: Փոխարենը սկսեց Արցախի շահի դեմ բաներ խոսել։ Օրինակ, հայտարարեց, թե Լաչինի ճանապարհը ամբողջովին փակ չէ, սնունդ հասնում է ինչ որ ճանապարհով, հայտարարեց, թե Արցախը երբեք միասնության համար չի պայքարել և այլն:

Իսկ իրականում Վարդանյանն անզոր եղավ անգամ կառավարական կաբինետ ձևավորել, ամիսներով թափուր մնացին նախարարի պաշտոնները, ի վերջո Արայիկ Հարությունյանի հավատարիմները նշանակվեցին նախարարներ:

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանն իր փոքրաթիվ թիմին անուղղակի հրահանգել է Արցախի իշխանություների դեմ լրատվական պայքար մղել. մեխն այն է, որ Վարդանյանը հերոս է, Ադրբեջանն ուզում է նրա հրաժարականը, իսկ մյուսներն Արցախի շահին դեմ են աշխատում: Այսինքն, Արցախի գործող իշխանության մի թևը մյուս թևի դեմ լրատվական պյքար է մղում, ինչն առնվազն տարակուսելի է:

Ստացվում է՝ մի կողմից շրջափակման մեջ է Արցախը, մյուս կողմից սով ու ճգնաժամ է, բայց Արցախում զբաղված են փոխադարձ հարձակումներով, ինչը անթույլատրելի է։

Եւ վիճակն այնքան է լարվել, որ
լուրեր սպրդեցին, թե Արայիկ Հարությունյանը ցանկանում է աշխատանքից ազատել Ռուբեն Վարդանյանին, իսկ որոշներն էլ պնդում են, թե այդ դեպքում Հարությունյանն էլ պետք է հրաժարական տա, հեռանա: Ինքը Հարությունյանն էլ ArmLur.am-ի տեղեկություններով, պատրաստակամություն է հայտնել հրաժարվել եւ հեռանսլ Վապրդանյսնի հետ միասին՝ նոր ընտրության հնարավորություն բացելով:

Եվ եթե այս խմորումը շատ երկար տևի, ապա Արցախը կմնա կառավարման զրո մակարդակի վրա, ինքնակառավարումը կտապալվի:

Նոր ընտրությունները Արցախում լուրջ մարտահրավեր են և անթուլատրելի է անգամ մտածել այդ մասին:
Դրանով Ադրբեջանին հնարավորություն կտրվի վերջ դնել Արցախի ինքնակառավարման մարմիններին և հաստատել իր գերիշխանությունը։ Չի բացառվում, որ այն կարողանա հասնել միջազգային դերակատարների՝ ընտրությունները չընդունող ու դատապարտող հայտարարություններին, ինչպես դա եղել է Աբխազիայում և Հարավային Օսեթիայում։ Բացի այդ, դրանք պատրվակ բռնելով, կարող է հերթական ‘հատուկ օպերացիան” կամ “ակտիվիստների” հերթական ակցիան ծրագրավորել։

Բացի այդ, փորձագետները պնդում են, որ հումանիտար ճգնաժամի կիզակետում արտահերթ ընտրությունների օրակարգ ձևավորելը միջազգային հանրությանը մտածելու տեղիք կտա, թե արդյոք կա իրական հումանիտար աղետ։

Նաիրա Հովհաննիսյան