Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, այսօր՝ հունվարի 17-ին, ընթանում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասապարյանի եւ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի վերաբերյալ գործը։

Նշենք, որ նախկին ոստիկանապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։


Ամբաստանյալի կարգավիճակ ունեն նաեւ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը եւ Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը, որոնք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար։

Բոլոր ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը։

Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանը եւ նրա անվտանգության պետի պարտականությունները կատարած Արշակ Հակոբյանը պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության եւ կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ եւ տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձեւական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք: Պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք: