Քանդած պատի կողմում ննջարանն է եղել, մյուս սենյակն էլ զինանոցն էր. Վառարանի մոտ էլ մի փոքր սենյակ էր, երեք սենյականոց տուն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի Ազատ գյուղում գտնվողն զորամասի տրակտորիստը՝ անդրադառնալով գյուղում գտնվող N զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհին, որի հետեւանքով 15 զինծառայող է զոհվել:

«Բոլորին էլ ճանաչում էի: Ես արդեն 8 տարի այստեղ ծառայում եմ: Առավոտյան 6-ին եմ եկել, արդեն կրակը մարել էին, դիակները տարել էին: Ռազմական ոստիկանությունն այստեղ էր, մեր սպայակազմն էր այստեղ:


Անհնար է եղել դուրս գալ, ճաղավանդակներ կան պատուհաններին: Փայտ էին վառում, հնարավոր է կպչանի համար են բենզին օգտագործել, բայց սովորաբար առավոտյան են կպչան անում: Գիշերվա այդ ժամին վառարանը վառած է լինում, ո՞վ պետք է բենզինով կպցներ: Չեմ պատկերացնում, ոնց կարող է եղած լինել:

Առավոտյան վառում ենք, օրվա մեջ անընդհատ մարդ է լինում, չի հանգում: Էդ ժամին վառարանը պետք է աշխատի, հնարավոր չէր, որ այդ ժամին բենզին կամ սալյարկա լցնեին»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է վիճակը սահմանին, նա պատասխանեց. «Դե ամեն օր կրակում են, երբ մեքենայով մոտենում ենք, էդտեղով անցնում ենք, 50 մետր է հեռավորությունը, կրակում են: Վերջին անգամ իմ ուղղությամբ կրակել են մի 10 օր առաջ: Տրակտորի ձայնից չեմ լսում, թե որտեղ են կրակում, բախտս բերել է, որ ողջ եմ»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։