Բազմիցս ենք ասել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածը, որը կարգավորում է Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը, միջանցքի անխափան գործունեության ապահովման հետ կապված Հայաստանի որևէ գործառույթ չի նախատեսում: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքի հետ կապված հարցերը ԼՂ իշխանությունների լուծման տիրույթում են, և այստեղ ևս ՀՀ իշխանությունը գործառույթ չունի:


Հավելեմ միայն, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն արդեն մոտենում է հումանիտար աղետի և միջանցքի անհապաղ չվերագործարկման պարագայում այստեղ միջազգային հանրության, այդ թվում և առաջին հերթին ՄԱԿ-ի մարդասիրական միջամտության ծայրահեղ անհրաժեշտություն կա»,-ասաց նա։

Արդադառնալով նրան, որ վերջին շրջանում Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակումը սկսել է հիմնավորել Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ իբր զինամթերքի, մասնավորապես ականների տեղափոխմամբ, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրենց է փոխանցել դրա վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք ուսումնասիրում են, Միրզոյանն ասաց. «Պետք է նկատեմ, որ ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում: Ադրբեջանը հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի, ապա, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր Խաչի մեքենաները և մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը և ահաբեկեցին երեխաներին: Այժմ այդ գործողությունները պատճառաբանվում են ականների մտացածին տեղափոխմամբ:

Հերթական անգամ ընդգծեմ՝ Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին: Ներկայումս նույնպես, ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ բարձր:

Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից»։

Ինչ վերաբերում է Բաքվի պնդումներին, թե Լաչինի միջանցքը բաց է, ԱԳ նախարարն ասաց. «Նաև դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության փաստահավաք խումբ ուղարկել և շարունակելու ենք առաջ մղել այս գաղափարը»։