Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է:


Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ մեր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է: Մենք նաև ականջալուր ենք միջազգային հանրության հորդորներին և պատրաստ ենք ավելի ինտենսիվ բանակցել»,- ասել է նախարարը: